Պատերազմը հաղթում են ժողովրդով:
Հազար զենք էլ լինի, որ սահմանդ պահող չլինի ու զենքդ կիրառող չլինի... Կա՞րող ես դա պետություն համարել և խաղաղություն ապահովել ժողովրդի համար:
Մենք դարձյալ Հայրենիք կորցնելու պատմական, բարոյական, իրավական, մարդկային իրավունքը չունենք:
Մեր մեծ երկիրը կորցրել ենք, մինչև հիմա մորմոքում ենք:
Էդ լացը չի կարելի դարձնել հավերժ ու ազգի բնավորություն:
Մենք հազար տարում վերջապես հողի հաղթանակ ունենք: Մենք մեր սերնդի մեջ պիտի պատվաստենք Հաղթողի և՛ հպարտություն,և՛վեհանձնություն, և՛հաղթանակները շարունակելու կամք ու գործողություն, և,եթե կուզեք, նաև մի փոքր էլ հաղթողի լկտիություն պիտի ունենանք:
Իսկ մենք մեր հաղթանակից կարծես ամաչում ենք:
Իսկ մենք մեր կորցրած տղաների կյանքի համար սոսկ ափսոսում ենք ու վշտանում, մինչդեռ պիտի հպարտանանք, որ ունենք մի սերունդ, որը ծնված օրից ԶԻՆՎՈՐ է, և նրա ծնողն էլ հասկացել է , որ իր զավակն իրենից շատ հայրենիքն է սիրել ու դրա համար հպարտ է ու գոհ, որ իր ծնած զինվորը զինվոր էլ ապրեց:
Հիմա ինչո՞ւ ենք մոլորվել, հայե՛ր:
Աշխարհն ուժեղինն է, և ուժեղներն էլ ուժեղի հետ են հաշվի նստում:
Հավաքի՛ր կամքդ ու ոգիդ , զենքդ ու զինվորներիդ, հա ՛յ Ժողովուրդ, և երկրիդ տե՛ր դարձիր:
Ոչ ոք իրավունք չունի մեզ պարտադրելու արյունով ազատագրված մեր պատմական հողերը հանձնելու մեր թշնամուն, որը ազգային ինքնությունից զուրկ և անհայրենիք մի ցեղախոմբ է, որ աշխարհաքաղաքական այս տարածաշրջանում պատահականորեն է հայտնվել և ժամանակավոր է նրա ներկայությունը քաղաքական դաշտում:
Այսօր մեզնից շատերն ապրում են օտարության մեջ։
Ցեղասպանությունից հետո, երբ կյանքի ցուցումով մեր հայրենակիցները ցրվեցին աշխարհով մեկ, կարծես կարելի էր բացատրություն գտնել օտար երկրներում նրանց ապաստան գտնելու և գոյատևելու համար:
Բայց միևնույն է, կար Մայր հայրենիքի մյուս հատվածը, որտեղ խաղաղ էր ու ապահով, իսկ ցեղասպանությունից երեք տարի հետո ստեղծվեց ազգային անկախ պետություն, որտեղ էլ պիտի հավաքվեին նրանք: Մտածե՞լ ենք արդյոք, ինչ ճակատագիր կունենար մեր պետությունը, եթե աշխարհում ցրվելու փոխարեն մեր ազգային-քաղաքական կուսակցությունները և եկեղեցին, ուղղորդեին մեր ժողովրդին դեպի նորաստեղծ անկախ հանրապետություն, այդ պարագայում պատմական և քաղաքական բոլորովին այլ զարգացումներ կլինեին․ կլուծվեին միաժամանակ մի քանի կարևոր խնդիրներ`
*կվերականգնվեր երկրի ժողովրդագրական կորուստը,
*կզարգանար տնտեսությունը,
*երկիրը կդառնար ռազմունակ և
*սերունդները կփրկվեին ուծացումից :
Կարո՞ղ ենք հաշվել , թե որքան հայ է ձուլվել վերջին հարյուր տարում` կորցնելով լեզուն , հավատը,կամ խառնամուսնություններից թուլացրել են մեր գենետիկ ամբողջականությունը, իսկ ծնված երեխաներն իրենք իրենց հայ չեն զգում:
Մինչդեռ երկրի բնակչության թվի սահմանագծային նվազ լինելը դժվարացնում էր տնտեսության զարգացման հնարավորությունները և մանավանդ ռազմական պաշտպանունակությունը:
Հարյուր տարի հետո մենք տեսանք, թե ինչ եղավ այդ գաղթօջախների հետ, որոնցից ամենաշատ տուժածը՝ սիրիահայ համայնքը, որին «Մայր գաղութ» անունով էին մեծարում, անասելի կորուստներ տվեց և՛ մարդկային զոհերով, և՛ մշակութային, և' տնտեսական:
Եվ դարձյալ ցրվում ենք այս անապահով աշխարհում:
Ինչո՞ւ, որպեսզի մեր կերած հացին մի շերտով ավելի՞ կարագ քսենք, իսկ զավակներին ուսման տանք օտար երկրների համալսարաններում, որպեսզի հետո ծառայեն օտարի՞ն՝ ի գին էն մի պատառ յուղոտ հացի՞:
Չէ՛, որպես ազգ՝ այսպես այլևս ապրել չի՛ կարելի:
Մենք շարունակում ենք գոյատևել, մինչդեռ աշխարհը շարունակում է ապրել իր վաղեմի օրենքներով՝ քարտեզներ են պատառոտվում ու վերաձևվում, երբևէ պետականություն չունեցած և մեզ հարևան դարձած ցեղերը պետություն են ուզում ստեղծել,պատմություն և մշակույթ են իրենց համար սրանից-նրանից գողանում` հիմնականում՝ հայերիցս, իսկ մենք դարձյալ պանդուխտի ցուպն առել ու օտար երկրներ ենք գնում, մեր հայրենիքը թողնելով թշնամուն թիրախ:
Մեր տարածաշրջանում կա՞ մեր ժողովրդի նման մտավոր բարձր կարողություններով և հաղթանակներ բերող ռազմարվեստով օժտված մի ազգ, որը մեր քաղաքական կարգավիճակում լինի:
Չկա՛:
Կան նույնիսկ մեզանից մշակութային և քաղաքակրթական շատ ավելի ցածր մակարդակի ազգեր, որոնք աշխարհաքաղաքական դաշտում միջազգային իրավունքի սուբյեկտ են, այլ ո'չ օբյեկտ, իսկ վերջինս ոչ թե ինքնուրույն խաղացող է դիվանագիտական ատյաններում, այլ ուղղորդվող օբյեկտ.է:
Մենք, ի՞նչ է, չե՞նք կարողանում մեր Աստվածատուր կարողություններն ընդհանուր հայտարարի բերել, համեմատել մեզ հարևան և հեռավոր ժողովուրդների հետ և եզրակացություն անել. ո՞րն է մեր սխալը, ի՞նչ պիտի անենք, որպեսզի հզորացնենք մեր Հայրենիք-պետությունը տնտեսապես, մշակույթով և գիտությամբ, վերադարձնենք մեզնից խլված հողերը և դարձնենք անխոցելի՝ ռազմական տեսակետից, մեր ժողովրդի համար ապահով ու բարեկեցիկ պայմաններ ստեղծենք մեր երկրում: Եվ հասկանանք նաև , թե ի՞նչ չպիտի անենք, որ պետությունը չթուլանա, քաղաքական ասպարեզում մնանք որպես խաղացող, որպեսզի դիվանակիտության` խարդավանքներով լի ատյաններում կարողանանք ամրագրել մեր ռազմական հաղթանակները: Կարողանում են, չէ՞, ուրիշները դա անել:
Բազմիցս եմ ասել, և ինձ շրջապատող մարդիկ կհաստատեն, որ ես ՝ որպես անհատ, չունեմ նախանձի զգացում:
Դիցուք, եթե իմ ընկեր-ծանոթներից ոմանք ունեն մոտավորապես իմ մտավոր կարողություններին հավասար ունակություններ, սակայն հասել են գիտական բարձր կոչումների, իսկ ես ոչ մի կոչում չունեմ, կամ մի քանի գիրք ունեն հրատարակած, իսկ ես ընդամենը մի գրքույկ, ես նրանց չեմ նախանձում, չեմ նսեմացնում հանիրավի, որ ինձնից առավել չերևան,այլ մտածում եմ, որ նրանք ինձնից մի առավել հատկություն ունեն, որը ես չունեմ: Սակայն ինձ էլ՝ որպես մարդու, հատուկ են մարդկային թուլությունները. ես նույնպես նախանձի զգացում ունեմ․ ես նախանձում եմ այն ազգերին, որոնք իմ ժողովրդից առավել չեն իրենց քաղաքակրթական -մշակութաստեղծ մակարդակով, սակայն քաղաքական և պետականաստեղծ ասպարեզում հասել են նախանձելի հաջողությունների, և աշխարհը նրանց հետ հաշվի է նստում:
Որ այդ ժողովուրդների պետություններն իրենց ժողովրդի համար բարեկեցիկ պայմաններ են ստեղծում, որպեսզի նրանք դառնան ԱԶԳ, չհեռանան իրենց Հայրենիք-պետությունից, իրենց ներուժը չվատնեն օտար երկրներում և չձուլվեն օտարության մեջ: Մինչդեռ մենք կարծես ազգովին լեթարգիական քնի մեջ ենք հարյուրամյակներով, մինչ մեր հայրենիքի վրա ղումար են խաղում օտարներն ու մեր պետության իշխանական պաշտոնյաները:
Լեթարգիական, թե բժշկական քունը ժամանակավոր են, որից հետո կա արթնացում:
Մենք պիտի արթնանանք այն սրտացավ և բանիմաց բժշկի հոգատար միջամտությամբ, որպեսզի արդյունավետ լինի մեր առողջացումը:
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Գրող, հրապարակախոս
12․5․2015թ․
Հ․Գ.
Այս գրառումս կատարել եմ 12․5․2015թ․իմ ֆեյսբուքյան էջում, և տասը տարի անց այդ նույն օրն էլ ինձ հիշեցրեց նա:
Որքա՜ն բան է փոխվել մեր Հայրենիք-պետության կյանքում, մինչդեռ աշխարհը կառավարվում է նույն ուժի օրենքներով։ Իսկ մե՞նք...